ՀԱՅԱՍՏԱՆԸ Ք.Ա. III ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ. ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ
Հակառակորդին
հոգեբանորեն ճնշելու կարողությունը ռազմարվեստում մշտապես խիստ բարձր է
գնահատվում: Հատկանշական է, որ հոգեբանական պատերազմ վարելու մեծ
վարպետներն էին հայկական Արատտա պետության արքաները: Արատտայի տիրակալին են
պատկանում առաջին առաջին հոգեբանական պատերազմ վարողի դափնիները:
Ք.ա. 2-րդ
հազարամյակում Միջագետքի հարավում՝ Շումերում, կազմավորվել է
քաղաք-պետություններ: Ք.ա. 28-ից 26-րդ դարերում գերիշխանության կենտրոն
դարձավ Ուրուկ քաղաք-պետությունը: Իշխեց Ուրուկի առաջին հարստությունը, որի
երեք արքաները Էնմերքարը, Լուգալբանդան ու Գիլգամեշը դառնում են
շումերական դյուցազնավեպի գլխավոր հերոսները: Անկախ իր էպիկական բնույթից՝
այն կարևոր պատմական սկզբնաղբյուր է:
Շումերները ստեղծել են աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը: Ք.ա.
երրորդ հազարամյակում նրանք բնակվում էին Հարավային Միջագետքում, իսկ մինչ
այդ՝ ք.ա. հինգերորդ հազարամյակում նրանց նախնիները բնակվում էին Հայկական
Լեռնաշխարհի հարավային և Միջագետքի հյուսիսային շրջաններում: Հեռանալով
այնտեղից՝ նրանք երկար ժամանակ պահպանել են իրենց կապը լեռնաշխարհի հետ:
Այդ իսկ պատճառով Հայկական Լեռնաշխարհի հնագույն հիշատակությունները
գտնվում են շումերական գրավոր հուշարձաններում: Դրանց մեջ առանձնահատուկ
տեղ է գրավում շումերական դյուցազնավեպը, որի ինը մասերից հինգում
հիշատակվում է Արատտա երկիրը, որը նույնացվում է Աստվածաշնչի
Արատտա-Հայաստանի հետ: Արատտան հնագույն գրավոր արձանագրություններում
հիշատակված Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումն է, որի մասին
տեղեկությունները վերաբերվում են ք.ա. 28-27-րդ դարերին:
Դյուցազնավեպի առաջին <<Էնմերքարը և Արատտայի տիրակալը>>
բնագրում հաղորդվում է, որ Էնմերքարի և Արատտայի տիրակալների միջև
ընթանում էր երկարատև պայքար դիվանագիտական դիվանագիտական
բանակցությունների տեսքով, որն էլ բնագիրը վերծանող Ս. Ն. Քրամերի կողմից
որակվեց որպես մարդկության պատմության մեջ <<առաջին հոգեբանական
պատերազմ>>: Շումերի արքան պահանջում է մետաղներ, թանկարժեք քարեր և
վարպետներ՝ տաճարներ կառուցելու նպատակով: Ի պատասխան Արատտայի արքան
պահանջում էր մեծ քանակությամբ երկրագործական ապրանքներ, որոնցով հարուստ
չէր լեռնային Արատտան: Շումերի արքան անցնում է սպառնալիքների, որին
Արատտայի տիրակալը պատասխանում է նույն ոգով՝ անընդհատ ընդգծելով իր երկրի՝
սրբազան և ժողովրդի՝ աստվածընտրյալ լինելու հանգամանքը: Բանագնացները
ստիպված էին չորս անգամ Շումերից մեկնել Արատտա և վերադառնալ:
Ի վերջո Շումերի արքան ստիպված էր տեղի տալ, և երկարատև
բանակցություններն ավարտվում են հաշտությամբ ու տոնախմբությունների
կազմակերպմամբ: Պայմանավովածության համաձայն, շումերները պետք է Արատտա
ուղարկեին երկրագործական ապրանքներ՝ փոխարենը ստանալով մետաղներ: Բացի այդ,
Արատտայի վարպետները համաձայնվում են Շումերում կառուցել ճարտարապետական
կոթողներ:
Այսպիսով՝ համաշխարհային պատմությանն այսօր հայտնի <<առաջին
հոգեբանական պատերազմն>> ավարտվում է մեր հայրենիքի՝ Արատտայի
հաղթանակով:
Շումերների և Արատտայի հարաբերությունները չէին սահմանափակվում միայն
դիվանագիտական բանակցություններով, այլ վերածվում էին ընդհարումների:
Լուգալբանդայի մասին բնագրերում պատմվում է հետևյալը: Շումերական զորքի
գլուխ անցած՝ Էնմերքարն արշավում է դեպի Արատտա: Արշավանքի մասնակիցների
մեջ էր նաև Լուգալբանդան: Ճանապարհին, երբ զորքը հասնում է Զամուա երկիր
(Ուրմիո լճի հարավում), Լուգալբանդան մահացու հիվանդանում է: Թողնելով նրան
այնտեղ՝ զորքը շարունակում է արշավանքը՝ պայմանով, որ վերադարձին վերցնեն
Լուգալբանդայի մարմինը և տանեն հայրենի երկիր: Այնուհետև պատմվում է, թե
ինչպես է աստվածների և գերբնական ուժերի օգնությամբ նա առողջանում և
հասնում բանակին:
Շումերական բանակը պաշարում է Արատտայի նույնանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարվա ընթացքում չի կարողանում գրավել այն: <<Էնմերքարը և Լուգաբանդան>> շումերական բնագրի 256-259 տողերում նշվում է. <<Քաղաքից
տեղում էի նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի
կաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում էին ամբողջ տարին՝ աղմկոտ
սուլոցով: օրերն անցնում էին, ամիսները երկարում, տարին բոլորեց մի ամբողջ
շրջան>>:
Շումերական բանակը չկարողանալով Արատտա քաղաքը, ի վերջո, խայտառակ
պարտություն է կրում: Հավանաբար, Արատտայի բանակը հակահարձակման անցնելով
հասել է Շումեր: Այլ կերպ անհնար կլիներ բացատրել Շումերում Արատտայի
կառավարիչների, օրինակ՝ Դումուզիի (այս
անունով հայտնի է Արատտայի հովանավոր աստվածը, որը որդին է իմաստության և
տիեզերական ջրերի աստված Հայայի, ում պաշտամունքը կապվում է Հայաստանի հետ,
և արտացոլվել է հայկական ավանդության Հայկի կերպարում, որը սկզբնապես
լինելով աստված՝ հետագայում վերածվում է հայոց ավանդադիր նախնի-նահապետի) հայտնվելն ու <<հարյուր տարի թագավորելը>>:
Արատտա երկրանունը գաղափարանշային գրության պարագայում գրվում է
Սուբոր երկրի գաղափարագրով: Այսիքն՝ որոշակիորեն փաստվում է Արատտա-Սուբուր
(Սուբարտու) նույնությունը...
Շումերա-աքքադական մի շարք երկլեզու բնագրերում շումերենի Հայա տեղանվանը
աքքադերենում փոխարինվում է Սուբուր երկրանունը, ինչը ցույց է տալիս
դրանց՝ միևնույն երկրին վերաբերվելը: Հայա հիմքով ցեղանուն և տեղանուններ
են հիշատակվում նաև Էլբայի, Աշուրի, Խեթական տերության ք.ա. 3-2
հազարամյակներում թվագրվող բազմաթիվ բնագրերում, որոնք ակնառու են դարձնում
Հայա-Հայասայի կապը Հայք-Հայաստանի հետ:
Համակարգի մեջ դիտելիս՝ ակնհայտ է Հայկական լեռնաշխարհի հետ կապվող
Հայա աստծո անվան, շումերա-աքքադական, էլբայական, հին աշուրական և խեթական
աղբյուրների <<հայա>> ցեղանվան, նրանով կազմված տեղանունների և
հայ ժողովրդի ինքնանվան ծագումնաբանության ընդհանրությունը:
Լուգալբանդան օգնության է մեկնում Շումեր, սակայն, թե ինչ
իրադարձություններ են հաջորդում դրան, հայտնի չէ, քանի որ բնագրի վերջին
մասը վնասված է: Լուգալբանդայի վիպաշարքն ավարտվում է Շումերի համար ծանր
իրադրությամբ: Ամենայն հավանականությամբ, դրանով է պայմանավորված, որ նրան
հաջորդում է Դումուզին: Ակնհայտ է, որ խոսքը որոշակի ռազմական
գործողությունների՝ իրական հաղթանակի մասին է:
Շումերի նկատմամբ Արատտայի ռազմական հաջողությունը Հայաստանի զինված
ուժերի պատմության ընթացքում գրավոր հիշատակված առաջին հաղթանակն է: Սա
ժամանակագրորեն համապատասխանում է Հայկական լեռնաշխարհի հնագիտական
մշակույթի աննախադեպ տարածմանը, որն առաջին հայաստանյան տերությունն էր:
Հայկական լեռնաշխարհում մթա 4-րդ հազարամյակի կեսերից սկսվում է շուրջ
մեկ հազարամյակ տևած վաղբրոնզեդարյան մշակութային ժամանակաշրջանը, որի
ընթացքում ողջ հայկական լեռնաշխարհը միավորված է մեկ՝ հայկական էթնո-հոգևոր
միասնական գոտու մեջ: Միանման են ինչպես զինատեսակները, այնպես էլ
պաշտամունքային առարկաները, ճարտարապետական կոթողները, աշխատանքային
գործիքները, կենցաղային իրերը, որոնք լեռնաշխարհի մշակութային գոտուց դուրս
հայտնի չեն: Այդ ժամանակաշրջանում պետականության առկայության մասին են
վկայում հնագիտական պեղումների արդյունքները, որոնցում ակնհայտ են
պաշտպանական կառույցներ, քաղաքային կյանքին բնորոշ գծեր և պետականության
այլ ցուցիչներ:
Անհրաժեշտ է նշել, որ նշված ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի
հնավայրերից գտնված զինատեսակները բազմաթիվ զուգահեռներ ունեն Իրանի, Փոքր
Ասիայի, Կովկասի և, հատկապես, Միջագետքի հնավայրերում: Ընդ որում, բացի
զենքերից, Հայաստանից գտնվել են նաև դրանց ձուլման բազմաթիվ կաղապարներ,
որոնք վկայում են տեղական արտադրության մասին: ք.ա. 3-րդ հազարամյակում
մետաղամշակման կարևորագույն կենտրոն էր Մեծամորը: